Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արցախ վերադարձի հավատը չի կարող կորչել

Արցախ վերադարձի հավատը չի կարող կորչել
02.09.2026 | 12:27

2018-ին, Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխության» ֆոնին, սեպտեմբերի 2-ի իր ուղղերձում գրում էր. «Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման»։

02 սեպտեմբերի, 2019թ. Նիկոլ Փաշինյանը գրում է. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»: Նա նաև խոստանում է, որ անելու են ամեն ինչ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի համար մղված պայքարի արդյունքները պահելու համար:

2 սեպտեմբերի, 2020թ: Մոտալուտ պատերազմի ֆոնին, վարչապետը, ֆեյսբուքյան կարճ գրառմամբ շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով:

2021թ. Փաշինյանն իր ուղերձում օգտագործում էր Արցախի Հանրապետություն հասկացությունը՝ նշելով «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»։

Դա անվիճելի ճշմարտություն էր, ուստի խնդիրը վերջնականապես թաղելու համար անհրաժեշտ էր ամբողջությամբ հայաթափել Արցախը:

2022-23թթ. Նիկոլի ուղերձը գրեթե նույնն էր․ երկու ուղերձներում էլ նա այլևս չէր օգտագործում Արցախի Հանրապետություն տերմինը։ Նրա համար Լեռնային Ղարաբաղն այլևս տարածքային միավոր էր, իսկ Արցախի կարգավիճակի հարցն էլ՝ Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիր:

2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ֆրանսիայի և ԵՄ-ի ազդեցության ներքո Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, սովի և շրջափակման մատնված Արցախին ուղղված 2023 թ. ուղերձում Փաշինյանը հայտարարել է.

«Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»:

2023թ. Արցախին ուղղված ուղերձից ընդամենը 17 օր հետո, աշխարհը տեսավ 2022թ. հոկտեմբերի 6-ի Մակրոն-Միշել-Ալիև-Փաշինյան քառյակի ջանքերի և սովի ու շրջափակման ենթարկված «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» հետևանքները:

2024, 2025, 2026 թվականներին ՔՊ-ականները ոչ միայն Արցախի Հանրապետություն, այլև Արցախ բառն անգամ չեն արտասանում: Նրանք ոչ թե վախենում են այն արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ. իշխանության գալու թիրախներից մեկը:

Այնպես, ինչպես Արարատ, Սփյուռք, Պատմական Հայրենիք, Հաղթանակներ, Ազգային Եկեղեցի և հայոց ինքնությունը ձևավորող այլ բաղադրիչներ են աստիճանաբար դուրս մղվելու՝ պետական կառավարման միջոցով:

Արցախը դրանցից ամենաշոշափելին ու ամենացայտունն էր: Դրա դուրս մղումն ու ադրբեջանականացումը մեծ աշխարհաքաղաքական խաղի կարևոր օղակներից մեկն էր: Հերթը հասել է Հայաստանի Հանրապետությունը նոր փորձությունների ու նրա ինքնիշխնությունը տարբեր ձևախեղումների ենթարկելուն: Ներսից ու դրսից, գիտակցված ու անգիտակից, գեղեցիկ փաթեթավորված բարի նպատակների անվան տակ...

Հ.Գ.

Հավատը՝ դեպի Արցախ վերադարձի, միևնույն է, չի կարող կորչել: Այն ոչ ոք չի կարող ո՛չ հանրաքվեով, ո՛չ որևէ տեսակի պարտադրանքով դուրս մղել մարդկանց մտքերից, սրտերից ու ազգային հիշողություններից:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ